Գլխավոր Տնտեսական Նոր նախագիծ. Վարկառուներին հնարավորություն կտրվի «հիփոթեքային» արձակուրդ վերցնել՝ մինչեւ 6 ամիս ժամկետով

Նոր նախագիծ. Վարկառուներին հնարավորություն կտրվի «հիփոթեքային» արձակուրդ վերցնել՝ մինչեւ 6 ամիս ժամկետով

0
822

ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնակարանային հիփոթեքային կրեդտիավորման մասին» օրենքում, որով սահմանվում է «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը ու դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:

Նախագծի ընդունման նպատակն է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը եւ թեթեւացնել կյանքի որոշակի դժվար իրավիճակներում հայտնված անձանց վարկային բեռը: Այսինքն վարկառուն հնարավորություն է ստանում մեկ անգամ օգտվել «հիփոթեքային արձակուրդից»:

Նախագծով սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում ներառելու:

Բացի այդ, սահմանվում են նաեւ այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»:

Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչեւ 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջեւ համաձայնեցված պայմաններով:

Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջեւ կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տեւողության չափով:

Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր եւ տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաեւ դա որեւէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաեւ լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում:

Օրինակ, Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչեւ 12 ամիս տեւողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար:

Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի եւ բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն եւ այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից:

Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգտվել մինչեւ 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչեւ 12 ամիս ժամկետով: Ֆրանսիայում աշխատանքը կորցրած եւ այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: