Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշվում է.
«Խոր ցավով տեղեկացա, որ մահացել է մեր թատերական արվեստի վաստակաշատ դեմքերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:
Նա ամբողջովին նվիրված էր թատրոնին ու բեմին: Եվ ինչպես նա իրեն չէր պատկերացնում առանց թատրոնի, այնպես էլ թատրոնն է դժվար պատկերացնել առանց Երվանդ Ղազանչյանի: Երևանի, Գյումրիի, Կապանի թատրոնները, որոնց նա կապված էր տասնամյակներով ձգված իր ստեղծագործական ու աշխատանքային կենսագրությամբ և անգամ անձնական կյանքով:
Ղազանչյանը վարպետության դպրոց էր՝ որպես ռեժիսոր, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար և, անշուշտ, որպես մարդ, որից սովորելու բան կար և հնարավոր էր սովորել: Իսկ Երվանդ Ղազանչյան-Գալյա Նովենց զույգը հրաշալի էր թե որպես ընտանիք, թե որպես արվեստին անմնացորդ ծառայելու օրինակ:
Անկեղծորեն ցավակցում եմ Երվանդ Ղազանչյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին և կիսում նրանց վիշտը»: