Գլխավոր Իրավական Ոստիկանությունը հայտնում է Հարթագյուղ և Գոգարան համայնքներում ապօրինությունների բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է Հարթագյուղ և Գոգարան համայնքներում ապօրինությունների բացահայտման մասին

1340
0

Լոռու մարզի Հարթագյուղ և Գոգարան համայնքների նախկին ղեկավարները կատարել են առերևույթ ապօրինություններ, ինչի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Հարթագյուղի համայնքապետը 2014-2019 թվականներին համայնքի երկու բնակչի ձևակերպել է համայնքապետարանի սանտեխնիկ ու բակապահ։

Նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ որպես աշխատավարձ փոխանցված 9․940․310 դրամը համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2014-2017 թվականներին համայնքի ղեկավարը մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ յուրացնելով այդ կապակցությամբ դուրս գրված կես միլիոն դրամը։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Հարթագյուղ համայնքի ավագանու անդամներից 3-ը 2015-2019 թվականներին գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռքբերվել, որ 2017 թվականին համայնքի ավագանու և ղեկավարի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շինություն և հողամաս նվիրաբերվել է մի բնակչի, որից համայնքի ղեկավարը պահանջել ու ստացել է 300․000 դրամ կաշառք։

Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։

Դարձյալ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք ապօրինություններ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2014-2017 թվականներին մի խումբ բնակիչների անվամբ կազմել ու հաստատել է սոցիալական օգնություններ տրամադրելու վերաբերյալ կեղծ դիմումներ՝ այդ կապակցությամբ դուրս գրված մեկ միլոն դրամը մուտքագրելով որպես հողի հարկի վճարներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Գոգարան համայնքի ավագանու անդամներից 2-ը տարբեր ժամանակահատվածներով գտնվել են արտերկրում և փաստացի չեն մասնակցել ավագանու նիստերին։ Համայնքի ղեկավարը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավագանու մի շարք որոշումներում կեղծել է նրանց ստորագրությունները։

Դեպքերի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության»,- նշված է հաղորդագրության մեջ։