Գլխավոր Տնտեսական Գյումրիի ավտոմաքսատունը հետագայում լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման եւ արտահանման կենտրոն. ՊԵԿ...

Գյումրիի ավտոմաքսատունը հետագայում լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման եւ արտահանման կենտրոն. ՊԵԿ նախագահ

0
818

News.am-ը գրում է.

Ներկրվող ավտոմեքենաների աննախադեպ հոսքեր ենք սպասում. նույնիսկ կանխատեսելը այս պահին շատ դժվար է, որովհետեւ մեր հայրենակիցների «բիզնես ակտիվությունը» բավականին բարձր է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Ինչո՞ւ հիմա, որովհետեւ կարծում ենք, որ մինչեւ հոկտեմբեր կավարտենք աշխատանքները, եւ հոկտեմբերից, ըստ էության, պետք է որ գործի Գյումրիի ավտոմաքսատունը։ Ինչո՞ւ հյուսիսում, որովհետեւ մաքսակետերի կառուցվածքը որ մենք տեսնում ենք 90 տոկոսից ավել հոսքը, բնականաբար, գալիս է 3 մաքսակետերից, որոնք գտնվում են հյուսիսում։ Եվ տարածքը, որտեղ ակնկալում ենք, որ պետք է արտաքին գործունեության սպասարկման կենտրոնը լինի, այդ թվում նաեւ այս գործառույթը պետք է կենտրոնանա, 158 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կիլոմետր Գոգավանից եւ 56 կամ 58 կիլոմետր Բավրայից։ Այն աշխարհագրական առումով նաեւ ճիշտ տեղում է, հետագայում հյուսիս-հարավի մոտ է հենց գտնվում, եւ ֆունկցիոնալ առումով գործելու է»,-հայտարարեց Անանյանը:

Նա կարծիք հայտնեց, որ կլինի աշխատատեղերի եւ աշխատանքային ռեսուրսների վերաբաշխում կամ տեղաբաշխման տարբերություն. «Մենք արդեն հայտարարում ենք, որ անցկացնենք դասընթացներ։ Կարծում եմ, որ հենց տարածաշրջանից պետք է աշխատակիցներ ընդունենք աշխատանքի, իհարկե, աշխատակիցների մեծ բանակ էլ այստեղից կգործուղեն այնտեղ, համենայնդեպս, ժամանակավոր։ Ֆունկցիոնալ առումով նախագիծն այնպես է կառուցվելու եւ այնպես պետք է հաշվարկներն արվեն, որ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ժամանակ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ, հետեւաբար մենք այսօր ազդարարում ենք, որ ոչ թե սա ժամանակավրեպ կամ հապճեպ ինչ-որ որոշում է, այլ պլանավորված արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մեկնարկի ազդարարումն է հրատապ ռեժիմով ավտոմաքսատան գործառույթը տեղափոխելու ակնկալիքով»,-հայտարարեց Անանյանը:

Դիտարկմանը, որ հունվարից արդեն այդ ավտոմեքենաները նույն թափով չեն ներկրվի, այդ դեպքում նոր մաքսատուն կառուցելու ծախսն արդարացված կլինի՞, Անանյանը պատասխանեց. «Այնպես պետք է նախագծվի եւ ֆունկցիոնալ առումով այնպես պետք է կառուցվի, որ այդ տարածքը հանդիսանա հետագայում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ենթահամակարգի բաղկացուցիչ։ Ամբողջ բիզնեսի ներմուծման եւ արտահանման կամ այլ կերպ ասած արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման մեծ կենտրոն է լինելու այնտեղ»: