Գլխավոր Լուրեր ՀայԹեք Վարչապետն արհեստական բանականությունը համարում է մարդու մտածողության զարգացման հնարավորություն

Վարչապետն արհեստական բանականությունը համարում է մարդու մտածողության զարգացման հնարավորություն

87
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ արհեստական բանականությունը, կատարելով մտավոր աշխատանքի մի մասը, մարդու միտքը կազատի այնպես, որ մարդկային բանականությունը նոր ուղղություններ կհայտնաբերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Երևանում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին (GIF19):

Վարչապետը նկատեց, որ դեռ արդյունաբերական հեղափոխության սկզբից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ: Մարդկանց մտահոգությունը հետևյալն էր՝ եթե սարքավորումները, հաստոցներն անում են մարդկանց աշխատանքը, ապա ինչով պետք է զբաղվեն իրենք:

«Սակայն ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն, պարզվեց, որ երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, առաջին հերթին ազատվում է մարդու միտքը: Եվ այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է։ Եվ այդ նույն վախերը բնականաբար առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ: Սակայն տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես ժամանակին՝ առաջին արդյունաբերական հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքբերը և դրա արդյունքում մարդու միտքը: Եվ այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որ մարդու մտածողությունը, մարդկային բանականությունը նոր ուղղություններ հայտնաբերի և նոր տարածքներ նվաճի՝ խորանալով մարդու օրգանիզմի էության մեջ, խորանալով դեպի տիեզերք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ ինովացիա ասելով առաջին հերթին պետք է նկատի ունենալ մտքի, մտածողության ինովացիա, որը իրականում փոխում է աշխարհը: Վարչապետը նկատեց՝ շատ դեպքերում ինովացիա, տեխնոլոգիաներ ասելով հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ կամ նույնիսկ ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ, զարգանում է մարդու միտքը: Բոլոր IT արտադրանքները մարդու մտքի արգասիքն են»,-նշեց ՀՀ վարչապետը:

Նա շատ կարևորեց համարեց, որ այսօր Հայաստանում մարդիկ հաղթահարեն բոլոր վախերը։ «Վախն այն ամենագլխավոր գործնն է, որն ամենուր խոչընդոտում է զարգացումը, առաջընթացը, հաղթանակի հասնելու մեր ձգտումը»,-ասաց Փաշինյանն ու հույս հայտնեց, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի անցկացումը Հայաստանում մարդկությանը կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը, և դա կլինի թերևս ամենակարևոր արդյունքը, որին պետք է ձգտեն: