Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունն իր բջջային հավելվածում արդեն ավելացնում է տոմսերի օնլայն ամրագրման հնարավորությունը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին և հակառակ ուղղություններով ճամփորդելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային օրերին դեպի Հռոմ և Միլան տոմսերի արժեքը 28.24 եվրո է, իսկ հանգստյան օրերին՝ 35.88 եվրո: Դեպի Բեռլին տոմսերն արժեն 40.99 եվրո՝ աշխատանքային և 49.99 եվրո՝ հանգստյան օրերին:
Բյուջետային ավիաընկերության առաջարկած տոմսերի արժեքները կարող են փոփոխվել՝ կախված հավելյալ ծառայությունների ընտրությունից. օրինակ՝դեպի Հռոմ թռիչքի ժամանակ ուղեբեռի, նախօրոք գրանցման և տեղի ամրագրման համար կավելանա ևս 41.36 եվրո:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաք տոմսի արժեքը կտատանվի 55.99-65.99 եվրոյի սահմանում:
Հավելվածը թարմացվում է աստիճանաբար, արժեքները հնարավոր է փոխվեն, սակայն այս պահին արդեն հնարավոր է ամրագրումը հասցնել ավարտին՝ ներմուծելով անգամ անձնական տվյալներ:
Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: