«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագծին:
Իշխանական խմբակցությունից Լուսինե Բադալյանը թերթի հետ զրույցում ասել է, թե նախագիծն ունի կոնկրետ կետեր, որոնք խնդրահարույց են, եւ որ խմբակցությունում տարաձայնություններ կան` առանձին կետերի ձեւակերպումների հետ կապված:
Թերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու իշխող խմբակցության սակավաթիվ անդամների հետ քննարկման ընթացքում նախարարը տեղեկացել է անհամաձայնությունների մասին եւ վրդովվել՝ շեշտելով.
«Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»:
Հիմա թիմակից պատգամավորը դժվարանում է ասել, թե, իր ձեւակերպմամբ, «ըմբոստ, կոպտություն ունեցող» նախարարը կգնա՞ զիջման, թե՞ ոչ:
«Դու չես կարող արգելել որեւէ մեկին որեւէ բան: Կարող ես փաստարկներով համոզել, բայց արգելել….»,- ամփոփել է պատգամավորը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: