Գլխավոր Քաղաքական Արցախի խնդրի հարցում մեր և ՀՀ իշխանությունների պատկերացումները նույնական են. կարգավորման լավագույն...

Արցախի խնդրի հարցում մեր և ՀՀ իշխանությունների պատկերացումները նույնական են. կարգավորման լավագույն երաշխիք կարող է դառնալ Արցախի վերադարձը բանակցային սեղան. Արայիկ Հարությունյան

703
0

Մեր ծրագրերը, դիրքորոշումը, մեր մտածելակերպը ստորակետ անգամ չեն տարբերվում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից: Այս մասին այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` իր ելույթում խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մասին:

«Արտաքին քաղաքականության վերաբերյալ նշեմ, որ չնայած տարաբնույթ շահարկումներին, Հայաստանի իշխանությունների և մեր պատկերացումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են: Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը մեր այն առաջնահերթություններն են, որոնց հետ կապված որևէ զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել»,– ասաց նա:

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման արդյունավետության լավագույն երաշխիք կարող է դառնալ Արցախի վերադարձը բանակցային սեղան, թե՛ համանախագահները, թե ՛ Ադրբեջանը պետք  է հստակ գիտակցեն, որ առանց բանակցային գործընթացում Արցախի լիարժեք մասնակցության` հնարավոր չէ հասնել հիմնախնդրի կարգավորման, քանի որ այս հակամարտության հիմնական, գլխավոր կողմերից մեկը հենց Արցախի Հանրապետությունն է, և հասցեատերը` Արցախի ժողովուրդը»,- ավելացրեց նա:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունների և իրենց դիրքորոշումն այս հարցում չի տարբերվում: «Մեր ծրագրերը դիրքորոշումը, մտածելակերպը ստորակետ անգամ չեն տարբերվում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից: Հող հանձնող իշխանություն չկա Հայաստանում, հակառակը` հող պահելու ցանկությունը կա, և ազատագրված տարածքների և Արցախի զարգացման համատեղ ծրագիր ենք մշակելու հետագայում»,- ասաց նա և նշեց, որ անընդունելի են Մադրիդյան սկզբունքները: