Գլխավոր Լուրեր Պատահարներ Արտառոց դեպք Իջևանում. ինչպես է տղամարդը հովազի հետ 5 րոպե կռիվ տալուց...

Արտառոց դեպք Իջևանում. ինչպես է տղամարդը հովազի հետ 5 րոպե կռիվ տալուց հետո հրաշքով փրկվել

1698
0

Իջևանում արտառոց դեպք է ունեցել` կովկասյան հովազը հարձակվել է 35–ամյա Արման Գաբրիելյանի վրա. 5 րոպե տևած կռվից հետո հովազը հեռացել է, իսկ Գաբրիելյանը հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Իջևան» ԲԿ–ի տնօրեն Վազգեն Մարգարյանը` հայտնելով, որ հենց իրենց մոտ է տեղափոխվել տուժածը։

«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18–ին. Արմանը խոզեր ունի, որոնք 5-6 տարի է` անտառից «տուն չեն գալիս» ու արդեն վայրի խոզեր են դարձել։ Տարվա մեջ մի քանի անգամ Արմանը գնում է անտառ` խոզերին տեսնելու։ Այս անգամ էլ անտառ գնալիս է եղել, երբ ինչ–որ ձայն է լսել, վերև է նայել ու տեսել` ժայռի վրայից հովազը թռչում է իր վրա»,–պատմեց Մարգարյանը։

Նրա խոսքով` երբ Արմանը տեսել է իր վրա թռչող հովազին, ձեռքը բռունցք է արել ու մտցրել հովազի բաց բերանի մեջ, որպեսզի կենդանին չհարձակվի դեմքի վրա։ Դրանից հետո 5 րոպե կռիվ է տվել կենդանու հետ, և հովազը հեռացել է։ Մարգարյանը հայտնեց, որ Արմանը փորձառու որսորդ է, սարեր–ձորերում գիշերած, ինչի շնորհիվ էլ կարողացել է փրկել իր կյանքը. հասարակ քաղաքացին կենդանի չէր մնա։

«Ձեռքը, որը մտցրել է կենդանու բերանը, ամբողջովին վնասված է, վրան էլ հովազի ժանիքների հետքեր են։ Բացի այդ, նրա շուրթն է մեջտեղից պատռվել, ասես սուր դանակով կիսած լինի։ Մյուս ձեռքի վրա էլ ուսի շրջանում կա խորը ու լուրջ վնասվածք, ինչպես նաև ոտքի վրա խորը վերքեր կան։ Երեք ժամ վիրահատել են նրան ու կարել վերքերը»,–ասաց Մարգարյանը։

Նա հավելեց նաև, որ հովազի հետ կռիվ տված տղայի վերքերը լուրջ հետևանքներ չեն թողնի. մարմինը կոփված է, «հին ոսկոր»։ Արմանը, ըստ Մարգարյանի, արջ ու գայլ տեսած տղամարդ է, բայց պատմել է, որ երբ հովազին տեսել է, առաջին անգամ կյանքում լուրջ վախեցել է։ Նա ձիարշավարանի ղեկավար է ու զբոսաշրջիկների համար երբեմն տուրեր է իրականացնում դեպի սարեր։

«Իջևան» ԲԿ–ի տնօրենը հայտնեց նաև, որ դեպքից հետո որսորդների հետ է խոսել, ու պարզ է դարձել, որ վերջին անգամ 1960թ–ին են հովազ տեսել իրենց մոտ ու կրակել են նրան։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Իջևանում այդ նույն տարածքում, որտեղ հովազը հարձակվել է Արմանի վրա, դեռ ամռանը երկու երիտասարդ տեսել են հովազին, գնացել ու պատմել իջևանցիներին, սակայն բնակիչները ծիծաղել են ու ասել, որ նրանց աչքին է երևացել։

ԲԿ–ի տնօրենը հայտնեց նաև, որ որսորդները դիմել են շրջակա միջավայրի նախարարությանը, որպեսզի կա՛մ նրան քնեցնեն ու տեղափոխեն Խոսրովի արգելոց, կա՛մ էլ նրա բնակության ներկայիս հատվածը ցանկապատեն ու արգելոց դարձնեն։ Այդ տարածք, ի դեպ, ըստ Մարգարյանի` հաճախ են գնում գյուղացիները սունկ կամ սխտոր հավաքելու։

Շրջակա միջավայրի նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին նախարարության մասնագետներն այցելել են Իջևան` դեպքի վայր։ Նրանք ուսումնասիրություններ են իրականացնում, որից հետո արդեն մանրամասներ կհայտնեն։

Հիշեցնենք, որ կովկասյան հովազն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում, և Հայաստանում նրանց թիվը 10–ի չի հասնում։