Գլխավոր Սպորտ Արթուր Վանեցյան․ ՀՖՖ-ի հետ որեւէ առնչություն չեմ ունենալու

Արթուր Վանեցյան․ ՀՖՖ-ի հետ որեւէ առնչություն չեմ ունենալու

913
0

News.am-ը գրում է․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ՀՖՖ-ի հետ այս փուլում որեւէ առնչություն չի ունենալու։

«Ես գործկոմին առաջարկեցի ընդունել իմ հրաժարականի դիմումը։ Գործկոմում ունեցանք քննարկում։ Գործկոմի հրաժարականը նշանակում է, որ նույնպես պատասխանատու է իրավիճակի համար։

ՀՖՖ կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչպես են ընտրվում ժողովի մասնակից ՀԿ-ները։ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ղեկավարությամբ մեկ ամսում կիրականացվի մաքրման աշխատանքը, բոլորի վստահությունը վայելող ժողովը կընտրի նոր գործկոմ եւ նախագահ։

Ընտրվելուց ես հայտարարել էի, որ երկար ժամանակով չեմ եկել ՀՖՖ, քանի որ զբաղված եմ այլ աշխատանքով եւ ունեմ այլ առաքելություն։

Մենք քննարկել ենք բացառապես ֆուտբոլային հարցեր։ Ես եմ առաջարկել, որ թողնեմ նախագահի պաշտոնը, քանի որ Իտալիայից կրած պարտության պատասխանատվությունը որեւէ մեկը պետք է վերցներ։ Գործկոմը հավանության արժանացրեց այս հրաժարականը։ Մենք քվեարկեցինք եւ դեկտեմբերի 23-ին հրավիրեցինք արտահերթ ժողով, որը կընտրի նոր գործկոմ եւ նոր նախագահ։

Մենք կատարել ենք շատ մեծ աշխատանք, զարգացրել ենք մանկապատանեկան ֆուտբոլը, 51 փոքր խաղադաշտ է կառուցվել մարզերում։ Առաջիկա չորս տարում կառուցելու ենք եւս 500 դաշտ մարզերում։ Կա բարոյական պատասխանատվության հարց։

Ես չեմ առաջադրվելու գործկոմի անդամ եւ նախագահ։ Այս փուլում ՀՖՖ-ի հետ որեւէ առնչություն չեմ ունենալու։

Հայկական ֆուտբոլը հնարավորինս մաքրված է։ Չեմ կարող ասել, որ ունենք 100-տոկոսանոց արդյունք, բայց հայկական ֆուտբոլը ճիշտ ուղու վրա է։ Այսօրվա որոշումները ուղղված են հայկական ֆուտբոլի առողջացմանը։

Անկախ կոմիտեներից մեկի նախագահ Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ եւ անթույլատրելի հայտարարություն, թե Հենրիխ Մխիթարյանին պետք է զրկել հավաքականի թեւկապից։ ՀՖՖ-ն չի կիսում այդ կարծիքը եւ դատապարտում է այդ հայտարարությունը։ Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է, նա Հայաստանի եւ հայ ժողովրդի դեսպանն է։ Նա իր նվիրված խաղով ապացուցել է, որ մեր թիմի ավագն է եւ արժանի է դրան»,- նշեց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը 2018 թվականին ՀՖՖ նախագահի պաշտոնում փոխարինել էր Ռուբեն Հայրապետյանին։