Գլխավոր Քաղաքական Պաշտոնավարման ընթացքում տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել.Արթուր Վանեցյան.168.am

Պաշտոնավարման ընթացքում տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել.Արթուր Վանեցյան.168.am

802
0

Մտածող և վերլուծող մարդը շատ լավ հասկացել է, թե ինչ է գրված իմ հրաժարականի տեքստում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա, պատասխանելով դիտարկումներին, որ հրաժարականի տեքստում «Կանգ առ»-ը վերաբերում էր կոռուպցիային, ասաց․ «Մեղադրել ինձ նրանում, որ ես «Կանգ առ»-ի կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է։ Ստանձնելով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ իմ ղեկավարած հիմնարկը եղել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը։ Դրա մասին բազմիցս խոսվել է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, դրական է ընկալվել հասարակության կողմից, բոլորը տեսել են, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել ԱԱԾ-ի կողմից։ Ես չեմ կարող ասել «Կանգ առ» մի երևույթի, որը մեր երկրի չարիքն է, որը խարխլում է երկրի հիմքերը։ Կոռուպցիայի դեմ պայքարը այլընտրանք չունի։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ խիստ և անդադար, և դա ես և իմ ղեկավարած կառույցը ապացուցել ենք այս 1,5 տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն»։

Հարցին՝ ո՞ր հարցում պետք է կանգ առնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վանեցյանը պատասխանեց․ «Եկեք այս հարցը թողեմ անպատասխան, բայց խոստանում եմ, որ առաջիկայում կխոսեմ ամեն ինչի մասին, մանրամասն կներկայացնեմ իմ տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի մասին»։

Մեկ այլ հարցի՝ երբևէ Նիկոլ Փաշինյանը դժգոհե՞լ է իր աշխատանքից, նա ասաց․«Այս հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է»։

Վանեցյանն անդրադարձավ նաև իր հորը պատկանող ընկերությունում ստուգումներին։ Հարցին՝ սպասելի՞ էր արդյոք, նա պատասխանեց․ «Սպասելի էր թե ոչ, չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականացվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ, բայց ես հիմա ինչքան էլ փորձեմ համոզել, որ իմ հրաժարականի հետ որևէ առնչություն չունի այդ ստուգումը, չեմ կարող։ Հորս պատկանող ընկերությունում ստուգումների արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել»։

Հարցին՝ իր համար տարակուսելի չէին, օրինակ, բենզալցակայաններում ՀԴՄ կտրոնների մասին վարչապետի հանձնարարությունները, այլ տարակուսանքներ չի՞ ունեցել, ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքեց․ «Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց այդ մասին այս պահին չեմ ուզում խոսել, ես միայն կարող եմ ասել, որ այս տարակուսանքներից ելնելով էլ կազմվել է իմ հրաժարականի տեքստը»։