Դերասան Արտյոմ Կարապետյանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է։ Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց, որի շրջանակներում տեսագրությունը մանրամասն ուսումնասիրվեց։
Հետագա միջոցառումներով ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները պարզեցին երթուղային տաքսու վարորդի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի բնակիչ, 61-ամյա տղամարդը նոյեմբերի 22-ին ներկայացավ ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ու խոստովանեց իր կողմից Արտյոմ Կարապետյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստը։
Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։