Երևանի կենդանաբանական այգում ուղտ է անկել: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանը:
«Մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել, որովհետև սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին: Երբ արդյունքները լինեն, ամբողջական տեղեկատվությունը ձեռքի տակ ունենանք, պատշաճ կարգով կտեղեկացնենք»,-ասաց Վլադիմիր Սիմոնյանը:
2019 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Նա մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Մինչ այդ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին:
2019 թվականին Կենդանաբանական այգու շուրջ բարձրացվող աղմուկը պարբերաբար թեժանում էր՝ կապված կենդանիների անկման դեպքերի հետ: