Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, ովքեր պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Սասուն Ղարիբյանն ու տեսուչ Դավիթ Գալստյանը դեպքի վայրում հսկողություն են իրականացնում, մինչև կժամանի քննչական խումբը:
Մանրամասները՝ այստեղ։