Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված 1000 թեստ կա, հաջորդ շաբաթվա մեջ մոտ 2 հազարն էլ կբերվի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հազար թեստն էլ սպասվում է ԱՄՆ-ից:
Նախարարը նշեց, որ դա նվիրատվություն է միջազգային կազմակերպությունների կողմից:
«Թեստերի ձեռքբերման մի քանի ուղղություններ ևս քննարկվում են, մասնավորապես, Չինաստանը և Անգլիան: Այս պահին, այդ ուղղությամբ որևէ խնդիր չունենք»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարը վստահեցրեց, որ ընթացիկ տարվա հունվարի 2-ից առողջապահական համակարգը տիտանական աշխատանք է կատարել և կատարում: Մասնագետները, պատասխանատուները պատշաճ կարգով կատարում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից: