Այսօր՝ հունիսի 6-ինն Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են ծրագրել։
Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում փոխանցել է Կաթողիկոսի հրավերը։
«Այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։
Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», -գրել է Մելիքյանը։
Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ տեղի ունեցած միաբանական ժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ «մեր եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով», և «խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:
«Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը: Ցավում ենք, որ դրանց միացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր Եկեղեցու առաքելությամբ», – ասված է հայտարարությունում, որ հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները», – նշում են միաբանական ժողովի մասնակիցները:
«Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը», – ասված է հայտարարությունում: