Գլխավոր Լուրեր Փաշինյանը հորդորում է «խուճապային» գնումներ չիրականացնել

Փաշինյանը հորդորում է «խուճապային» գնումներ չիրականացնել

842
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին «խուճապային» գնումներ չիրականացնել՝ մթերքի և այլ ապրանքների գնաճը բացառելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ արտահերթ նիստում հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարման ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ մթերային խանութներում և դեղատներում առկա գնաճի մասին հարցին։

«Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ։ Կարծում եմ, որ գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի։ Ես ճշտել եմ, ինձ զեկուցել են, որ պարենի կամ որևէ այլ ապրանքի հետ կապված պակասի խնդիր չկա»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մարտի 8-ի համեմատ, մարտի 15-ին մթերային խանութներում 20 տոկոսով գրանցվել էր առևտրի աճ։ ՀՀ վարչապետը միևնույն ժամանակ շեշտեց, որ չնայած առևտրի աճ կա, սակայն խանութների ցուցափեղկերում ապրանքի պակաս չկա։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Հայաստանի Հանրապետությունում մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։