Գլխավոր Քաղաքական Տեսնենք ոնց եք բռնագանձում ապօրինի ծագում ունեցող գույքերն ու մինչև վերջին կոպեկը...

Տեսնենք ոնց եք բռնագանձում ապօրինի ծագում ունեցող գույքերն ու մինչև վերջին կոպեկը վերադարձնում ժողովրդին․ Արթուր Ղազինյան

1256
0

Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Երեկ ուժի մեջ մտավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և սկսվեց Փաշինյանի քաղաքական սննկացման հետհաշվարկը։

Քաղաքական որոշ շրջանակներ Արմեն Սարգսյանին քննադատեցին այս օրենքը ստորագրելու համար՝ կարծելով, թե տվյալ իրավիճակում ճիշտը այն Սահմանադրական դատարան ուղարկելն էր։

Սակայն հայկական քաղաքական գործընթացների խորքային և անտեսանելի գործընթացներին ծանոթ ցանկացած ոք կհաստատի, որ այս օրենքը Սահմանադրական դատարան ուղարկելը կնշանակեր ամանորյա նվեր անել փակուղում հայտնված Փաշինյանին և լրջագույն հարվածի ու ճնշման տակ դնել արդեն 1 տարի նրա կենտրոնական թիրախում հայտնված ՍԴ-ը, մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։

Իսկ այս օրենքը գործողության մեջ մտնելուց հետո կռիվը տեղափոխվում է Փաշինյանի և հպարտ քաղաքացիների հարթություն, որտեղ իր երկրպագուները կոնկրետ և հասկանալի պահանջ ունեն «մինչև վերջին կոպեկը ժողովրդին» վերադարձնելու պարտավորություն ստանձնած Փաշինյանի առջև։ Հենց այս պարտավորության վրա է հիմնվել Փաշինյան – հպարտ քաղաքացի գործարքը, որի չկատարման դեպքում հպարտ քաղաքացիները իրենք կպատժեն Փաշինյանին։

Ուղեղ ունենալու պարագայում Փաշինյանն ինքը պետք է նախաձեռներ և ստիպեր Արմեն Սարգսյանին չստորագրել այն և ուղարկել ՍԴ։ Բայց դե պրիմիտիվության մրցույթում հաղթել են, երկար ու խորը չեն մտածում։

Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Փաշինյանի համար շատ դժվար կլինի որևէ մեկին մեղադրել «ժողովրդից թալանածը» հպարտ քաղաքացիներին վերադարձնելուն խանգարելու մեջ։ Պատկերացնում եմ թե ինչ մեծ նվեր կլիներ Փաշինյանի համար այս օրենքը ՍԴ ուղարկելը, ինչը նա վիրտուոզ ձևով կներկայացներ որպես նախկինների դավադրություն, որին մասնակցել են բոլորը՝ բացի իրենից։ Դե իսկ Սահմանադրական դատարանը կհռչակվեր «կոռուպցիոներների» տանիք, պաշտպան և ամբողջ կուտակված մաղձը կթափվեր ՍԴ կազմի վրա։

Հիմա այս օրենքն այլևս ուժի մեջ է և, ինչպես կասեր դասականը, համ մուրճն է քո ձեռքը, համ էլ մեխը։ Տեսնենք ոնց եք բռնագանձում ապօրինի ծագում ունեցող գույքերն ու մինչև վերջին կոպեկը վերադարձնում ժողովրդին։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10212959377019340