Գլխավոր Քաղաքական Բջջային հավելվածով կարձանագրվեն տրանսպորտային միջոցների խախտումները

Բջջային հավելվածով կարձանագրվեն տրանսպորտային միջոցների խախտումները

834
0

Այսուհետ բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավելի հաճախ հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում։ Որոշումն ընդունվեց կառավարության հունիսի 11-ի նիստում։

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի խոսքով՝ նախագծի ընդունման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին արձանագրելու հնարավորություն տալն է։

Բջջային հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտապես բնակվող անձանց համար։ Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթ իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնել իրավախախտմանն ամրագրված ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ՝ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին։

Հավելվածի հնարավորություններից չարամիտ կամ, միջանձնային հարաբերություններով պայամանավորված, հավելվածն այլ նպատակներով օգտագործելու հնարավոր ռիսկը կանխելու նպատակով նախագծով սահմանափակում է նախատեսվել՝ հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական չի կարող ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում։

Վարչապետի խոսքով՝ նախագծում մեկ բան բաց են թողել՝ մեքենայի մեջ 1 անձից ավելի գտնվելու պարագայում դիմակ չկրելը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշ խախտումներ հնարավոր չի լինի արձանագրել՝ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով։