Գլխավոր Քաղաքական «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը եւ կայացնել...

«Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը եւ կայացնել իր որոշումը. Մակունց

821
0

News.am-ը գրում է․

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձավ ընդդիմությանը լռեցնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին։

«Նախ, մենք պետք է դուրս գանք որեւէ մեկին լռեցնելու տրամաբանությունից: Դա ոչ միայն անհամարժեք է եւ չի համապատասխանում մեր արժեքներին, այլեւ չի համապատասխանում իրականությանը: Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմանությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը քաղաքական հայտարարություններ անելու:

Անձամբ իմ գնահատմամբ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունը մինչ այդ ԲՀԿ-ի արած հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. Առաջինը, որ խոսվում էր կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին՝ Արտակարգ դրության պայմաններում եւ դա արվում էր վարչապետի եւ նրա ընտանիքի վարակված լինելու պարագայում, եւ երկրորդը՝ 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոս փոփոխությամբ»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը նկատեց, որ երեկ նույնպես իրենց ելույթներում ԲՀԿ գործընկները խոսում էին քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերից եւ այդ մասին խոսում էին այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր. «Հետաքրքիր էր հետեւել, որ ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձեւակերպված, ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էին:

Հիմա պարզաբանեմ, թե ինչու էինք լուռ. որովհետեւ իրավական գործընթացին «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը, լսել ԲՀԿ խմբակցության հարցադրումները, ելույթները եւ փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը։ Լուռ էինք, որովհետեւ թե՛ ՀՀ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերները իրավունք ունեն առանց ավելորդ զեղումների, ավելորդ միջամտության լսել, եւ հասկանալ, թե ինչ էր կատարվում, անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին ընդդիմադիր գործընկերները փորձում ներկայացնել դա որպես քաղաքական հետապնդում»,-ասաց նա։

Մակունցը նշեց, որ բոյկոտելը ընդդիմության իրավունքն է, տարբեր ատյաններին, այդ թվում միջազգային ատյաններին դիմելը նույնպես ընդդիմության իրավունքն է, միեւնույն ժամանակ, բոլորի բարոյական պարտականությունն է ՀՀ հանրության եւ միջազգային գրոծընկերների հետ լինել ազնիվ եւ թափանցիկ. «Այո, ՀՀ-ում խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, բազմակարծությունը Հայաստանի կարեւոր ձեռքբերումներն են: Վկայությունը 2018-ից ի վեր անցկացված համապետական եւ տեղական բոլոր ընտրություններն են: Վկայությունը նաեւ մամուլում կառավարող թիմի հասցեին մեծ ծավալով արվող քննադատությունն է, որը ցավոք, շատ հաճախ ուղեկցվում է նաեւ անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններով: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում բոլոր հարթակներում փորձ է արվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ, դրանով փորձելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ: Ուստի որեւէ գործով որեւէ կերպ չխաթարելով որեւէթ անձի անմեղության կանխավարկածը, հայտարարում ենք, որ ՀՀ-ում այլեւս բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ ունեցած դիրքից, կուսակցական պատկանելիությունից եւ քաղաքական հայացքներից»,-ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը: