Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը։
Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։
ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը: