Գլխավոր Լուրեր Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ

Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ

843
0

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Դարգյախլին հուլիսի 16-ին կայացած ասուլիսում՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին։
Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:
Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:
1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար: