Գլխավոր Քաղաքական ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարների հանդիպման կազմակերպման հարցը. հայտարարություն Հայաստան այցից...

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նախարարների հանդիպման կազմակերպման հարցը. հայտարարություն Հայաստան այցից հետո

2037
0

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել Հայաստան կատարած այցի արդյունքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԵԱՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի շրջանակում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպումներ են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Համանախագահներն ու Հայաստանի պաշտոնյաները դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել են գործընթացն առաջ մղելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում և մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը:

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում և՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո»,- ասվում է ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: