Գլխավոր Լուրեր Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ...

Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, պարզապես ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին. Նիկոլ Փաշինյան

2436
0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու են որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այդ քայլին գնացել են մյուս քաղաքական ուժերին ժամանակ տալու համար:

«Մեր գլխավոր նպատակն է եղել հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ քաղաքական ուժերի մեծ մասը ընդհանրապես չէին սպասում, որ նման բան տեղի կունենա Հայաստանում: Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել ընտրություններում, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ, պարզապես մենք ցանկանում ենք նաև ժամանակ տալ մյուս կուսակցություններին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պատրաստվել ընտրություններին»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է կոռուպցիայի խնդրին՝ նշելով, որ կոռուպցիան այն գլխավոր դժբախտություններից  ու խնդիրներից մեկն է, որը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ այնպես, ինչպես հնարավոր էր իրականում:

«Իհարկե, մենք կշարունակենք այդ պայքարը, և իհարկե, համոզված եմ, որ մենք մեծ արդյունքներ կունենանք: Այս ամբողջ ընթացքում դրական և մեծ փոփոխությունների հաղթանակը մարդկանց գիտակցության մեջ է: Կարծում եմ, որ այս գործընթացն արդեն անդառնալի է»,- ասել է Փաշինյանը: