Գլխավոր Դեսից-դենից Տղամարդկանց սթրես

Տղամարդկանց սթրես

1049
0

Մենեջմենթի և էֆեկտիվ բիզնես հարաբերությունների փորձագետ, Adizes Institute միջազգային կազմակերպության տնօրեն Իցհակ Ադիզեսն անդրադարձել է մեր ժամանակների ցավոտ խնդիրներից մեկին՝ տղամարդկանց սթրեսին:

Իր անձնական բլոգում նա գրել է.

«Շատ են խոսում այն մասին, թե ինչ դժվար է ժամանակակից կնոջ համար միաժամանակ կարիերա և ընտանիք ունենալը. նրանք կրկնակի լարվածություն են զգում: Պետք է մտածեն իրենց կարիերայի մասին, ինչն արդեն սթրես է առաջացնում, իսկ տանը պետք է հոգ տանեն ընտանիքի անդամների մասին: Դա հեշտ չէ:

Ավանդական հասարակությունում տղամարդկանց և կանանց դերը հստակ տարանջատված էր: Տղամարդիկ պետք է պահեին ընտանիքը, իսկ կանայք՝ նստեին տանն ու հոգ տանեին երեխաների մասին:

Տղամարդիկ կենտրոնացած էին արտաքին գործունեության վրա, իսկ կանայք ստեղծում էին ընտանեկան մթնոլորտ:

Կյանքը հեշտ էր: Բայց ամեն ինչ փոխվեց, և, հետևաբար՝ սթրեսը շատացավ:

Այժմ կանայք աշխատում են տնից դուրս, երբեմն զբաղեցնում բարձր վարձատրվող պաշտոններ: Բայց, չնայած եկամտի քանակին, նրանք նաև պատասխանատու են տան համար: Նրանց պարտականությունները կատարվում են ինչպես՝ տնից դուրս, այնպես էլ՝ տանը:

Բայց նրանք միայնակ չեն սթրես տանում:

Հետաքրքիր է՝ շա՞տ է գրված այն մասին, թե ինչ են զգում տղամարդիկ: Նրանք պետք է լավ ապրուստի միջոցներ վաստակեն, բայց տանը կինն ու երեխաները ևս ուշադրություն են պահանջում: Հոր դերն այսօր շատ պարտավորություններ է ենթադրում, քան նախկինում: Հիմա պետք է հոգ տանել կնոջ մասին, օգնել տնային գործերում. նախկինում դա չկար:

Հիմա տղամարդկանց մեղադրում են, որ շատ են աշխատում և բավական ժամանակ չունեն ընտանիքի, կնոջ և երեխաների համար: Նրանք կանգնած են երկու քարի արանքում: Տղամարդկանցից պարտականությունների կատարում սպասում են ոչ միայն աշխատանքի վայրում, այլև տանը:

Տղամարդու տեսանկյունից՝ ինչ էլ անես, այնպես չի ստացվում, ինչպես հարկավոր է. ինչ-որ մեկը տանը դժբախտ է և ստիպում է քեզ մեղավոր զգալ նրա համար, որ չես արդարացրել իր սպասելիքները:

Տղամարդու և կնոջ դերերը խառնվել են: Երկու սեռերի սպասելիքներն էլ փոխվել են: Հիմա իրոք անսովոր ժամանակներ են: Միայն մտածեք»: