Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլինեն բացառապես էլեկտրոնային:
Ըստ նախարարի՝ այդկերպ կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, և տնօրենները հնարավորություն չեն ունենա լիցենզիայով թույլատրվածից ավելի քանակությամբ աշակերտ ընդունել:
«Որոշ տնօրեններ իրենց թույլատրված սահմաններից ավելի աշակերտներ են փորձում ընդունել առաջին դասարաններ, և ակնհայտ է դարձել, սա նաև համակարգային խնդիր է: Հիմա ընթացիկ հարցերը փորձում ենք լուծել, բայց հաջորդ տարվանից կունենանք համակարգային լուծում, այն է՝ այլևս որևէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ, կլինի առցանց համակարգ՝ կայք. սեպտեմբերից առաջին դասարանցու ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի կոնկրետ դպրոցի էջը, և այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար:
Դիցուք, կլինի 38 տեղ, ծնողն իր անունը և երեխայի անունը կլրացնի, այնուհետև տնօրենները կիրականացնեն ընդունելություն»,- ասաց նա:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ երբ տեղերը լրանան, այլևս որևէ մեկը՝ ո՛չ ծնողը, ո՛չ էլ տնօրենը չեն կարող չափից ավելի շատ աշակերտներ գրանցել այդ կայքում:
«Կայքը գրեթե պատրաստ է, հիմա իրավական հիմքն է նախապատրաստվում, և արդեն հաջորդ տարվա սկզբին, երբ ժամկետ կսահմանվի ընդունելության համար, ծնողները կմտնեն կայք և կգրանցեն երեխաներին»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ կան «որոշ օլիգարխ դպրոցներ, որոնք չափից դուրս շատ աշակերտներ են ներգրավում», իսկ նախարարությունը կամ տեսչությունը, հաշվի առնելով այդ տնօրեների կապերն այս կամ այն պաշտոնյաների հետ, չէին կարողանում զրկել նման հնարավորությունից, արդյունքում՝ մյուսները թերբեռնված են լինում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ բոլոր այն ծնողները, որոնք հնարավորություն չեն ունենա էլեկտրոնային գրանցմանը մասնակցել, կարող են դիմել հատուկ կենտրոններ, որտեղ նրանց օգնություն կցուցաբերեն այդ հարցում։ (c) Tert.am