Գլխավոր Լուրեր Պատերազմի վերսկսման վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ. Արծրուն...

Պատերազմի վերսկսման վտանգն այսօր ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ. Արծրուն Հովհաննիսյան

1780
0

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են:

Այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա Ադրբեջանի առջև դրված ռազմավարական խնդիր է: Նրանք ձգտում են Նախիջևանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին: Ադրբեջանցիներն այդտեղ նույնքան լարված ու ատելությամբ լցված չեն, որքան, օրինակ, Տավուշի հատվածում: Սակայն, հաշվի առնելով Նախիջևանի կարևորությունը Հայաստանի Հանրապետության ու մայրաքաղաք Երևանի անվտանգության տեսանկյունից, մենք այստեղ ամրացրել, ամրացնում ու ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Նախիջևանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում: Նույն գործողությունները եղել են նաև 10 տարի առաջ Տավուշի հատվածում և 20 տարի առաջ` Արցախում:

«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,- նշեց Հովհաննիսյանը:

Արցախի և Նախիջևանի սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումը, Հովհաննիսյանի խոսքով, տարբեր պատճառներ կարող է ունենալ, և Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում միայն մեկ նպատակ տեսնելը տեղին չէ:

«Առաջնագծում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հակառակորդը շատ չի կրակում, և, եթե սրան գումարենք ակտիվ տեղաշարժերը, ապա կարող է լինել ինչ-որ խոշոր ծրագիր: Զուտ ռազմագիտության տեսանկյունից սրանք դիմացինի ուշադրությունը բթացնելու ու սեփական զորքերը պատրաստելու քայլեր են»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն այս պահին այնքան մեծ չէ, որքան մեկ ամիս առաջ, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել իրավիճակի փոփոխություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 2- ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։