Գլխավոր Դեսից-դենից Գեղեցիկ լեգենդ դուդուկի մասին

Գեղեցիկ լեգենդ դուդուկի մասին

669
0
дудук

Մի անգամ բարձրադիր լեռների վրայով թռչելիս Երիտասարդ Քամին գեղեցիկ ծառ է տեսնում, որին երբեք չէր հանդիպել։ Քամին հիացած էր։ Հպվելով ծառի նուրբ ծաղիկների թերթիկներին, թեթևակի դիպչելով դրա տերևների եզրերին՝ Քամին զարմանալի մեղեդիներ էր նվագում, որոնց հնչյունները տարածվում էին ամենուր։

Երբ Գերագույն քամուն հայտնեցին այդ մասին, նա իր ողջ զայրույթը թափեց լեռների վրա՝ ոչնչացնելով գրեթե ողջ բուսականությունը։

Երիտասարդ Քամին, թևերը տարածելով իր սիրելի ծառի վրա, ամբողջ ուժով փորձում էր փրկել նրան։ Բացի դրանից՝ Քամին հայտնեց, որ հանուն ծառի պատրաստ է յուրաքանչյուր զոհողության։

Եվ այդժամ քամիների տիրակալը պատասխանեց նրան. «Ինչ արած, մնա՛, սակայն դու այլևս երբեք չես կարողանա թռչել»։

Երջանիկ Քամին փորձեց ծալել իր թևերը, սակայն տիրակալը կանգնեցրեց նրան. «Ո՛չ, դա չափազանց հեշտ է։ Թևերը քեզ հետ կմնան։ Յուրաքանչյուր պահի դու կարող ես թռչել, սակայն եթե անես դա, քո սիրելի ծառը կմահանա»։

Երիտասարդ Քամին չի հուսահատվում, քանի որ և՛ իր թևերը մնացին իր հետ, և՛ նա՝ ծառի հետ։ Ամեն ինչ լավ էր, սակայն երբ վրա հասավ աշունը, ծառը մերկացավ։ Այլևս չկային ո՛չ ծաղիկներ, ո՛չ տերևներ, որոնցով կարելի էր հրապուրվել։ Երիտասարդ Քամին սարսափելի թախիծ ապրեց։

Շուրջբոլորը նրա եղբայրներն էին ապրում՝ թռչելով ու պոկելով մոտակա ծառերի վերջին տերևները։ Լեռները պարուրելով հաղթական ոռնոցով՝ նրանք կարծես հրավիրում էին Երիտասարդ Քամուն իրենց հետ շուրջպարի։ Եվ մի անգամ, չդիմանալով, նա միացավ եղբայրներին։ Նույն պահին ծառը մահացավ։

Մնաց միայն մի ճյուղ, որն իր մեջ քամու մի մասնիկ էր պահել։ Որոշ ժամանակ անց փոքրիկ տղան, որը ցախ էր հավաքում, գտավ այդ ճյուղը և դրանից դուդուկ պատրաստեց, որը երբ մոտեցնում էր շուրթերին, այն կարծես ինքն իրեն հրաժեշտի տխուր մեղեդի էր նվագում։

Սիրո մեջ գլխավորը ոչ թե պատրաստակամությունն է մշտապես ինչ-որ բանից հրաժարվելու՝ կորցնելով ցանկալին ստանալու հնարավորությունը, այլև ունակությունն է ինչ-որ բան չանելու՝ ունենալով դրա հնարավորությունը։

Նոր տեսանյութ.