Իսկական մտերմությունը սկսվում է ոչ թե «լայքերից» կամ սիրառատ խոսքերից, այլ երկխոսությունից։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք լսել դիմացինին, թե՞ պարզապես սպասում ենք մեր հերթին՝ խոսելու համար։ Հոգեբան Ելենա Միտինան բացատրում է, թե ինչ է «պսևդոմտերմությունը» և ինչու է իրական երկխոսությունը դարձել շքեղություն։
Լսելու արվեստը, որը մեզ չեն սովորեցրել
Երկխոսությունը թվում է պարզագույն գործողություն, բայց իրականում այն բարդ հոգեբանական աշխատանք է։ Լսել՝ նշանակում է մի պահ «անջատել» սեփական կարիքները, դադարեցնել ներքին մենախոսությունը և փորձել հայտնվել դիմացինի կոշիկների մեջ։
Խնդիրը հաճախ գալիս է մանկությունից։ Եթե ծնողները մեզ չեն լսել, ընդհատել են կամ արժեզրկել մեր ապրումները՝ անվանելով դրանք «դատարկ բաներ», մենք պարզապես չենք ունենում այն ներքին գործիքակազմը, որով պետք է կառուցենք իրական կապը հասուն տարիքում։
Պսևդոշփման 4 տեսակները. Ինչպե՞ս ճանաչել դրանք
Հաճախ մեր շփումն ունի երկխոսության ձև, բայց ոչ բովանդակություն։ Ահա 4 մոդել, որոնք մտերմության փոխարեն թողնում են միայնության և հիասթափության զգացում.
1. «Իմ ասածը՝ քո լսածը չէ»
Սա այն դեպքն է, երբ դիմացինը կանխամտածված աղավաղում է ձեր խոսքը։ Դուք ասում եք՝ «Ես հոգնել եմ այս աշխատանքից», նա լսում է՝ «Դու ալարկոտ ես» ու սկսում վիճել իր հորինած մտքի հետ։ Արդյունքում՝ մարդիկ խոսում են, բայց այդպես էլ չեն հանդիպում։
2. Հարցաքննություն՝ հետաքրքրության փոխարեն
Կան հարցեր, որոնք ոչ թե բացում են դիմացինին, այլ ճնշում։ «Իսկապե՞ս այդպես ես կարծում», «Իսկ ինչո՞ւ հիմա», «Այդ ո՞ւմից ես լսել»։ Սա ոչ թե երկխոսություն է, այլ հոգեբանական ագրեսիա և սեփական գերակայությունը հաստատելու փորձ։
3. Հակափաստարկների մրցավազք
Ինչ էլ ասեք, զրուցակիցը պատրաստ է «հակաթույնին»։ Սիրում եք այս գի՞րքը՝ նա կապացուցի, որ այն անճաշակություն է։ Ուզում եք ճամփորդե՞լ՝ նա կհիշեցնի տոմսերի թանկության մասին։ Սա խաղ է, որտեղ նպատակը ոչ թե ձեզ հասկանալն է, այլ սեփական «ես»-ն ավելի խելացի ցույց տալը։
4. Զուգահեռ մենախոսություններ
«Հիմա դու պատմիր, հետո ես կպատմեմ»։ Սա նման է երկու ռադիոալիքների, որոնք միաժամանակ հեռարձակում են տարբեր հաղորդումներ։ Մարդիկ պարզապես օգտագործում են միմյանց՝ էմոցիաները դատարկելու համար, բայց իրականում նրանցից ոչ մեկին հետաքրքիր չէ դիմացինի ներաշխարհը։
Կարևոր է. Երկխոսության ընդունակ են միայն ինքնավստահ մարդիկ։ Նրանց համար ձեր կարծիքը սպառնալիք չէ, այլ նոր աշխարհ բացահայտելու հնարավորություն։
Դիմացինը «լաբորատոր առնետ» չէ
Այսօր նորաձև է դարձել «կենցաղային հոգեբանությունը»։ Մենք փորձում ենք վերլուծել մարդու ժեստերը, հագուստի գույնը կամ հայացքը՝ առանց նրան լսելու։ «Դու ձեռքերդ խաչել ես, ուրեմն ինչ-որ բան ես թաքցնում»։ Սա ներխուժում է անձնական տարածք։ Իրական մտերմությունը ենթադրում է վստահություն դիմացինի խոսքին, այլ ոչ թե նրա «ախտորոշում»։
Ինչպե՞ս կառուցել կամուրջը
Իրական երկխոսության համար պետք է սովորել «կոնտեյներացնել» սեփական էմոցիաները։ Երբ դիմացինը խոսում է, փորձեք նախ տպավորվել նրա ասածով, հասկանալ նրա տրամաբանությունը, և միայն հետո որոշել ձեր վերաբերմունքը։
Իսկական երկխոսությունից հետո մարդը չի զգում հոգնածություն կամ դատարկություն։ Նույնիսկ եթե ձեր տեսակետները չեն համըկնել, դուք հեռանում եք լցվածության և երախտագիտության զգացումով։ Որովհետև ձեզ տեսել են, ձեզ լսել են, դուք գոյություն ունեք։









