ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրեց պարզաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությունն այն մասին, որ ՀՀ վարչապետն ասում է, որ Արցախը պետք է բանակցող կողմ լինի, և դրա հետ կապված բանակցությունների խոչընդոտման մեղքը ընկնում է ՀՀ վարչապետի վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը բազմիցս պատրաստակամություն է հայտնել լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացի մեջ: «Ես ասել եմ, որ ինձ իրավասու եմ համարում բանակցել ՀՀ-ի անունից, և իրավասու չեմ համարում բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև ԱՀ վարչապետը չեմ, նախագահը չեմ»,-ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ Արցախը չի մասնակցում ՀՀ-ի իշխանության ձևավորմանը, ունի իր պետությունն ու պետական մարմինները, նախագահը, որը իրավազոր է բանակցել ԼՂՀ-ի անունից:
«Ասվածի մեջ, ըստ էության, ոչ մի սենսացիոն բան չկա, որովհետև ԵԱՀԿ համանախագահ երկրների հայտարարություններում ընդգծվում է Արցախի վերջնական կարգավիճակի առումով Արցախի ժողովրդի կամարտահայտման անհրաժեշտությունը, և, այսպիսով` արձանագրված է Արցախի հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Մենք ասում ենք՝ ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար, եթե բանակցում ենք լուծման համար՝ ինչպե՞ս ենք պատկերացնում առանց հակամարտող կողմի»,-ասաց նա և հավելեց, որ քանի դեռ չի արձանագրվել Արցախի ներկայացուցչի ներգրավումը, ուրեմն չենք մոտեցել հարցի կարգավորմանը:
ՀՀ վարչապետի գնահատմամբ՝ բանակցություններին ամենաշատը խանգարում են Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական գործողություներն ու հռետորաբանությունը: «Ես վերահաստատում եմ բանակցությունների գործընթացին լիարժեք ներգրավվելու պատրաստակամությունը, և չկա դեպք, որ առաջարկվել է, և ՀՀ-ն հրաժարվել է այդ առաջարկությունից»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այսինքն՝ հաստատվում է, որ ՀՀ կողմից որևէ խոչընդոտ չկա, Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց և հիշեցրեց, որ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր իրեն ուղղակի ծանոթացնել Ադրբեջանի նախագահի հետ, ինքն այդ առաջարկն ընդունել է, թեև որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել: Ըստ այդմ էլ ասաց, որ եթե հրաժարվեին, կհրաժարվեին որևէ կառուցողական ընդունելի առաջարկից:
«Ես պատրաստ եմ լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում, և Արտգործնախարարը լիարժեք ներգրավված է բանակցային գործընթացում»,-ասաց նա: