Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերը ` հոկտեմբերի 7-ից կլինեն ոչ աշխատանքային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում:
«2018 թվականի հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:
Հաշվի առնելով վերը նշվածը և գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ նպատակահարմար ենք համարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը: