Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն է հայտնել արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Նա մասնավորաբար գրել է.
«Ցավով տեղեկացա արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Արցախյան ազատամարտում իրեն դրսևորեց իբրև հայրենիքի անձնուրաց նվիրյալ՝ արժանանալով Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների։
Այսօր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կառուցում են հասարակական համերաշխություն, մենք պետք է թոթափենք հինը, թոթափենք այն անցյալը, որտեղ հնարավոր էր Արայիկ Խանդոյանի հրաժարումը մարտական պարգևներից։ Մենք որպես սեփական իշխանությունը վերադարձրած ժողովուրդ համախմբվում ենք նորովի`սիրո և համերաշխության շուրջ։
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»։