Գլխավոր Լուրեր Խնդրում եմ այստեղ թշնամիներ չփնտրել, այստեղ մենք բռունցքվելու կարիք ունենք. Դավիթ Սանասարյանը...

Խնդրում եմ այստեղ թշնամիներ չփնտրել, այստեղ մենք բռունցքվելու կարիք ունենք. Դավիթ Սանասարյանը Մարալիկում է

1004
0

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում է և հանդիպում է բնակիչների հետ: Նա վստահեցրեց, որ ուսումնասիրություն են կատարելու և հատ առ հատ նայելու են, թե պետբյուջեի միջոցները ինչպես են ծախսվել:

Դավիթ Սանասարյանը հղում կատարեց վարչապետի կոչին, ըստ որի, եթե արդար են ընտրված համայնքապետերը և կարծում են, որ այդքան ուժեղ են, ապա թող հրաժարական տան, նորից անցկացվեն ընտրություններ, և նրանք էլ առաջադրեն իրենց թեկնածությունը:

«Ես համայնքապետից հրաժարական պահանջելու իրավասություն չունեմ, դա ձեր իրավասությունն է, դուք պահանջում եք: Որևէ մեկը ո´չ գյուղապետ, ո´չ քաղաքապետ, ո´չ նախագահ չի ծնվել, ճգնաժամի լուծման տարբերակ կա»,-ասաց նա և նշեց, որ իրենք պետեր չեն, այլ պարզապես երկրին և ժողովրդին ծառայողներ են:

«Խնդրում եմ այստեղ թշնամիներ չփնտրել, այստեղ մենք բռունցքվելու կարիք ունենք, «իմոնք», «քոնոնք» հասկացություններ չպետք է լինեն»,-ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք ուսումնասիրություն կանեն համայնքում: «Այստեղ ճգնաժամ կա, ուզում ենք հասկանալ՝ ինչու են բողոքում այս մարդիկ»,-ասաց նա և նշեց, որ չարաշահումների վերաբերյալ բողոքներ կան:

«Պետք է օբյեկտիվ լինենք, մենք բոլոր դեպքերում այդպես ենք լինելու: Նախորդ կառավարությունից տարբերվում ենք նրանով, որ այս կամ այն թայֆայի մտածելակերպ չունենք, մենք ուզում ենք օրինականություն տիրի, մեր գործը ուսումնասիրություններն են»,-ասաց նա:

Այս պահին Դավիթ Սանասարյանը և բնակիչները սպասում են համայնքապետին:

Նոր տեսանյութ.