Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ»․ Ռուսական կողմն ակտիվանում է. ՌԴ դեսպանը հետաքրքրված է ՀՀ իշխանություններով

«Ժողովուրդ»․ Ռուսական կողմն ակտիվանում է. ՌԴ դեսպանը հետաքրքրված է ՀՀ իշխանություններով

865
0

«Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել է խորհրդարան: Նա հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Բացի այդ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԺ այն մշտական հանձնաժողովների նախագահների հետ, որոնք «Իմ քայլը» խմբակցության անդամ են` Անդրանիկ Քոչարյան, Ռուբեն Ռուբինյան, Բաբկեն Թունյան, Արման Եղոյան, Վարազդատ Կարապետյան:

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումների այս շարքն ուշագրավ է մեկ առումով. օրեր առաջ Հայաստան էին ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների խումբը` Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, ու «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հենց Կալաշնիկովը խոստովանել էր. «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետևություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները և այդ պատճառով էլ եկել էինք»:

Այնպես որ, ՌԴ դեսպանի երեկվա հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը: Սրանով կարծես դեսպանը փորձել է լրացնել վերջին ամիսների բացը` ավելի մոտիկից շփվելով իշխանության նոր ներկայացուցիչների հետ` հասկանալու նրանց տրամադրություններն ու ձեռք բերելու պայմանավորվածություններ:

Այս առումով պատահական չէ, որ խորհրդարանում վերջերս ստեղծվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որի ղեկավարը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, բայց ՌԴ դեսպանը նրա հետ չի հանդիպել. նրան հետաքրքրել են հենց իշխանության ներկայացուցիչները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: