Գլխավոր Տնտեսական Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին...

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին (տեսանյութ, լուսանկարներ)

1191
0

Մետրոյի զարգացման, «Աջափնյակ» կայարանի ստեղծման աշխատանքները մտել են գործնական փուլ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն հիմա էլ մնում է ամենահարմարավետ, բնապահպանության տեսակետից մաքուր, արագընթաց ու անվտանգ փոխադրամիջոցը: Այսուհանդերձ, իր թերզարգացածության պատճառով Երևանի մետրոն ամենագրավիչ փոխադրամիջոցը չէ:

Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:

«Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը»,- նշում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մեր բոլոր նախագծերում նպատակը մեկն է. պետական պարտքի ավելացման կամ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չավելացնելով՝ ստեղծել նոր աժեքներ քաղաքում և նոր ենթակառուցվածքներ: Մետրոյի նոր կայարանի շինարարությունը պետք է սկսի աշխատանքը մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում»,- նշում է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:

«Օրինակ, կամրջի Աջափնյակի մասում՝ ձորի մյուս հատվածում, առաջարկվում է կառուցել առևտրային մեծ կենտրոն: Այն, քանի որ մոտ է մետրոյին, հաճախելիության առումով շատ մեծ գործակից կունենա, սա արդեն հետաքրքիր ծրագիր է»,- ասում է Մեսչյանը:

«Երբ հասանք գնահատականների փուլին, հասկացանք, որ անմիջապես մետրոյի հարևանությամբ ունենք հնացող ֆոնդով թաղամաս: Դա Հալաբյան փողոցին հարող հատվածն է: Այստեղ մենք ունենք վթարային շենքեր և դրանցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին վերականգնման բիզնես ծրագիր: Ցածր հարկայնությունը բարձր հարկայնության փոխարինելով, առանց բյուջեի ծանրաբեռնվածության, կարող ենք ունենալ նոր բնակարանյին ֆոնդ՝ մարդկանց վերաբնակեցման հնարավորությամբ»,- նշում է փոխքաղաքապետը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության այս օրինակներն արդեն իսկ սկսել են հետաքրքրել ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը:

«Մենք հիմա քաղաքապետարանի հետ դիտարկում ենք տարբերակ, որ կառուցենք Աջափնյակ կայարանն առանց պետական ներդրումների: Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից եմ և ժամանակին մասնակցել եմ մետրոյի շինարարությանը: 40 տարի անց վերադառնալով՝ ցանկություն ունեմ շարունակել այս գործը»,- ասում է Արսեն Իսկանդարյանը:

«Հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության և ժամկետների մեջ»,- ասում է Հայկ Սարգսյանը:

«Կլինենք շատ զգույշ, կլինենք բավականին խիստ, որովհետև ծրագիրը շատ լուրջ է և շատ կարևոր երևանցիների համար: Մոտեցումը կա, մշակված ծրագիրը կա, սկսում ենք աշխատել»,- հավելում է Մեսչյանը:

«Բարեկամությունից» «Աջափնյակ». Երևանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված:

Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:

Երկար ժամանակ ցանկանալուց ու տևական քննարկումներից հետո սպասված նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի՝ ավելի հարմար դարձնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի անվտանգ երթևեկը»:

https://www.facebook.com/Yerevanofficial/videos/299153614101954/