Գլխավոր Քաղաքական Վանեցյանականներ չեն կարող լինել, իսկ Սանասարյանի փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել....

Վանեցյանականներ չեն կարող լինել, իսկ Սանասարյանի փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել. Ալեն Սիմոնյան

881
0

Չկա նման հասկացություն, որ ես վստահում եմ ԱԱԾ-ին, կամ վստահում եմ ՀՔԾ-ին, կամ վստահում են ինչ-որ մեկին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն:

«Մենք ունենք պետություն, որի իրավապահ մարմիններին վստահում են բոլորը: Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որեւէ բանի հետ կապված սխալ չի գործել, որեւէ խնդիր չի լինի: Ես գիտեմ, որ ինքը նույնպես դրա մեջ վստահ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ եթե պարզվի, որ այդ ամենը ճիշտ է, դա վնաս կտա հեղափոխությանը. «Ինձ համար շատ ցավալի կլինի, բայց միաժամանակ չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետեւդա ինձ համար տհաճ թեմա է: Դա ինձ համար ցավ է»:

Դիտարկմանը, որ իշխանության աջակիցների մեջ պառակտում կա, ձեւավորվել են սանասարյականների թիմ եւ վանեցյանականների թիմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, վանեցյանականներ չեն կարող լինել: Արթուր Վանեցյանը վարչապետին առընթեր հիմնարկի տնօրեն է, ինքը քաղաքական միավոր չէ: Կա պետություն, եւ կա օրենսգիրք»:

Ինչ վերաբերում է նրան, որ Դավիթ Սանասարյանն ու իր պաշտպան Իննեսա Պետրոսյանը հայտարարել են, որ գործը շինծու է, սաքած է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավելեւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար:

Իմա՞ստը որեւէ մեկի գլխին շինծու ինչ-որ բան անելու: Սկսենք նրանից, որ ոչ ընտրություն կա, ոչ ինտրիգ կա այդ ամենի մեջ: Հայաստանում ո՞վ ում վրա ինչի համար եւ ինչ պետք է կազմակերպի շինծու: Դրա իմաստը ուղղակի չկա: Ասենք եթե մեկն ուզենար այդ պաշտոնը զբաղեցնել, կամ ընտրություններ լիներ, ինչ-որ մեկն ուզենար ասենք իմ նկատմամբ ինչ-որ բան անել, տրամաբանություն կլիներ: Կա փաստ, բա բողոք եւ կա գործ, որի հետ կապված քննությունը, վստահեցնում եմ, լինելու է բաց եւ դուք կտեսնեք: Աստված տա, որ սխալված լինեն եւ պարոն Սանասարյանի հետ կապված որեւէ հարց չլինի»: