Ոչ միայն հերքում եմ, որ երբևէ առնչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ նա եղել է նաև ՕԵԿ անդամ:
«Իմ դեմ տարվող սև PR-ի շրջանակներում «մեկ կենտրոնից» կառավարվող թերթոններից մեկը միանգամայն «անմեղ» ձևակերպումով գրել է, որ «իրենց տեղեկություններով՝ ես 2004-2005 թթ. եղել եմ ՕԵԿ անդամ»։ Ոչ միայն հերքում եմ, որ երբևէ առընչություն եմ ունեցել ՕԵԿ-ի հետ, այլև պարզապես նշեմ, որ 18 տարեկան եմ դարձել 2005-ին, հետևաբար դրանից առաջ երբևէ չէի կարող դառնալ կուսակցական։ Հերթական ստի սպասումով»,-գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀՀԿ անդամ է եղել: Տեղեկությունը չհերքեց նաև ինքը՝ արդարանալով, թե «ֆիկտիվ» է անդամակցել ՀՀԿ-ին:
Սակայն Գ. Պապոյանի քաղաքական անցյալը, կարծես թե, այսքանով չի սահմանափակվում: Սոցցանցերում տարածված լուրերի համաձայն՝ Գ. Պապոյանը ժամանակին եղել է նաև «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մասնավորապես, խոսքը 2004-2006 թվականների մասին է»: