Գլխավոր Քաղաքական Տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովի նիստը

1238
0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովը մայիսի 15-ին սկսել է հերթական նիստի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով նիստը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խոսել է նախորդ ամսիների ընթացքում երկու հայկական խորհրդարանների միջև փոխադարձ շփումների և հաստատված կապերի մասին: Ողջունելով ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ միջխորհրդրանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքների մեկնարկը Երևանում՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը ընդգծել է համազգային կարևորության հարցերի քննարկման անհրաժեշտությունը: Ներկայացնելով նիստի օրակարգը՝ Արարատ Միրզոյանը անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, մասնավորապես Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներին և ազատություններին հակասող բանաձևերի ընդունմանը դիմակայելու առումով:

Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել միջխորհրդարանական այս ձևաչափի կարևորությունը Արցախի համար ինչպես միջազգային հանրությանը Արցախի ձայնը լսելի դարձնելու, այնպես էլ օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից: Խորհրդարանի ղեկավարը առանձնացրել է միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները՝ պատգամավորական ներուժի կիրառումը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման գործում, այլ երկրների խորհրդարաններից ու միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանող պատվիրակությունների այցերը Արցախ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող և կողմնակալ  ձևակերպումներով նախաձեռնություններին ընդհանուր ուժերով դիմագրավելու քայլերի ձեռնարկումը: Աշոտ Ղուլյանը նաև առաջարկել է նիստի օրակարգային՝ այլ հարցերի շարքում համատեղ քննարկումների դաշտ բացել այս պահին արդիական՝ Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի պատրաստման, հարկային օրենսդրության  նախատեսվող փոփոխությունների, կրթության ոլորտում բարեփոխումներին վերաբերող հարցերի քննարկման համար:

Այնուհետև նիստը շարունակվել է դռնփակ ձևաչափով՝ «Խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները» և «Խորհրդարանական դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում» օրակարգային հարցերով: