Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց դատական համակարգը՝ հայտարարված տնտեսական հեղափոխության ձախողման հետևանքով: Ինչքանով է իրական այս վարկածը, պնդումներ անել չեմ կարող, մյուս կողմից՝ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ անցած մեկ տարում տնտեսության մեջ իրական առաջընթաց չկա, նույնիսկ կարելի է վստահաբար պնդել, որ տնտեսության նախկին կառուցվածքը ոչ միայն չի փոխվել, այլ անգամ չի ուրվագծվել դրա այլընտրանքը:
Անցած մեկ տարում մարդկանց կյանքի որակը չի լավացել, իհարկե՝ դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանը, նախկին վարչապետների օրինակով, շարունակի «վիճակագրական» կամ «մանիպուլյատիվ» հեղափոխությունը:
«2019-ի ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7,3 տոկոսի ֆոնին», – օրերս ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թափ ենք հավաքում», – նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Այսպիսով՝ մենք ապրում ենք երկու Հայաստաններում: Մեկն իրական Հայաստանն է, որի տնտեսությունը դոփում է տեղում, իսկ հասարակության մեծամասնությունն ապրում է աղքատության շեմին, մյուսը՝ վիրտուալ Հայաստանը, որտեղ «թափով» տեղի է ունենում տնտեսական հեղափոխություն: Ի դեպ, փորձագետները տնտեսական աճը շատ բարձր չեն համարում՝ նշելով, որ երկրի տնտեսական պոտենցիալը շատ ավելի մեծ է:
Այլ խոսքով՝ տնտեսագետները ակնարկում են կառավարության գործունեության անարդյունավետ լինելու մասին: Տնտեսական աճի ներառականությունն ապահովելու համար պետք է քաղաքականություն, ուժեղ թիմ, քաղաքական կամք՝ բոլոր ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար: Այս բաղադրիչներից որևէ մեկն այս պահին չկա, իսկ վիճակագրական թվերը վարչապետի կողմից օգտագործվում են՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու նպատակով:
Ուշագրավ է, որ հասարակությանը մանիպուլացնելու հարցում կաբինետի նույնիսկ պրոֆեսիոնալ անդամները Փաշինյանից հետ չեն մնում: «Միայն այն ծրագրերը, որոնցով ներդրողները դիմել են կառավարությանը՝ տեղեկացնելով իրենց առաջիկա ծրագրերի մասին, հինգ տասնյակից ավելի են: Ներդրումները եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում»,- օրերս ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ակնհայտ է, որ առանց ներդրումների տնտեսական հեղափոխության մասին խոսելը նմանվում է ծաղրի, մյուս կողմից՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ վերջին հանդիպմանը նույնիսկ Փաշինյանն անուղղակիորեն խոստովանեց, որ ներդրումների ծավալով Հայաստանի կառավարությունն առայժմ ոգևորված չէ:
Եթե ամիսներ առաջ իշխանությունները ներդրումային միջավայրի ձևավորման համար խոչընդոտ էին համարում նախկին խորհրդարանը, հիմա էլ՝ ներդրումային բում են խոստանում դատաիրավական ռեֆորմից կամ անցումային արդարադատության գործիքակազմի կամ վեթինգի կիրառումից հետո»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: