Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ այսօր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում էին հյուրընկալվել աշխատակիցների երեխաները և թոռնիկները:
ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտում՝ այսօր, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, երեխաների համար կազմակերպվել էին հետաքրքիր մանկական միջոցառումներ։
Երեխաները նկարում էին հատակին, տարբեր խաղեր էին խաղում, երեխաների համար ցուցադրվեցին հետաքրքրաշարժ, դիտարժան և «կախարդական» քիմիական փորձեր։ Որից հետո երեխաները Ֆարմացիայի ինստիտուտի կիոնֆերանս դահլիճում դիտեցին մուլտֆիլմեր։ Երեխաները նաև որպես նվեր ստացան գունազարդ և նկարազարդ գրքեր։ Այդ ամենից հետո փոքրիկները ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմիաց բաց թողեցին օճառե պղպղջակներ, օդապարուկներ և վերջում բոլորով լուսանկարվեցին։
Միջոցառման կազմակերպիչ՝ Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը նշեց, որ սա լավագույն հնարավորությունն էր՝ երեխաներին ծանոթացնելու իրենց ծնողների կամ պապիկ-տատիկների աշխատավայրին՝ սեր և ջերմություն առաջացնելով համալսարանի հանդեպ. «Ծնողներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում են այստեղ, իսկ երեխաների համար դեռևս «անիմանալի» է այդ վայրը, ուստի սա պատեհ առիթ էր՝ փոքրիկներին ծանոթացնելու և մտերմացնելու Մայր բուհի հետ»:
Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սամվել Վարդապետյանն էլ նշեց, որ ինքը մտադրված էր մեկ այլ վայրում նշելու մանուկների տոնը, բայց իմանալով միջոցառման մասին՝ միացավ իր գործընկերներին: «Ես մեծ սիրով իմ երեք թոռնիկների հետ եկա այստեղ: Այսպիսի միջոցառումները մեզ՝ գործընկերներիս, ավելի են մտերմացնում, իսկ երեխաների հետ ժամանակն անցկացնելը միշտ էլ հաճելի ու ջերմ է»: