ՀՀ ազգային ժողովը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջարկած և գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած նախագծերը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը օրակարգ չընդգրկվեցին հունիսի 18-ի նիստում կայացած քվեարկությամբ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը:
« Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի անդամների ներկայացման վերաբերյալ նախագիծ եմ ներկայացրել: Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ես ՀՀ վարչապետին հարցրեցի, թե նպատակահարմար գտնում է արդյոք Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչների առաջադրման հնարավորությունը, որին վարչապետը դրական պատասխանեց տվեց, առաջարկեց այդ ուղղությամբ աշխատել: Դրան հետևեց իմ նախագիծը, որով առաջարկվում է, որ վարչապետն իրավունք ունի առաջադրել 4 անդամ՝ ներառյալ նախագահին, իսկ մնացած 3 անդամին կարող են առաջադրել ընդդիմադիր խմբակցությունները: Նպատակ էր դրված, որ հանրային վստահություն տրվեր այդ կառույցին»,-ներկայացրեց Բագրատյանը:
Աննա Կարապետյանը ներկայացրեց պետա-իրավական հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությունը: «Բացասական եզրակացությունը պայմանավորված է նախագծի թերի կարգավորումներով, մասնավորապես բացակայել են կանոնակարգ օրենքի կարգավորումները, և պարզ չէ, թե խմբակցությունն ինչպես է առաջադրելու ինքնավար մարմիններում թեկնածուներ, անդամներ, եթե ԱԺ կանոնակարգ օրենքից նման լիազորություններն ու ընթացակարգերը բացակայում են»,-ասաց Կարապետյանը:
Նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցին կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 77 , 1 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ:
Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կրկին ներկայացրեց Բագրատյանը:
Նա նշեց, որ նույն ոճով առաջարկվել է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմի 2 անդամների առաջադրման հնարավորությունը տրվի ընդդիմադիր խմբակցություններին:
Աննա Կարապետյանը ներկայացրեց, որ այդ նախագծին բացասական եզրակացություն է տրվել նույն կոնտեքստում: Արդյունքում նախագիծը քվեարկությամբ չընդգրկվեց նիստի օրակարգ: