Գլխավոր Լուրեր Խարկովում հանրակացարանի 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները...

Խարկովում հանրակացարանի 6-րդ հարկից դուրս նետված հայ ուսանողը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)

1305
0

Tert.am-ը գրում է․

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, որին դուրս էին նետել ուսանողական հանրակացարանի վեցերորդ հարկի պատուհանից, objectiv.tv-ին պատմել է կատարվածի մանրամասները:

Մարտիրոսյանի խոսքով՝ իրեն դուրս գցողները վեցն են եղել, և ինքը նրանց ճանաչել է: Տղան պատմել է, որ իրեն սենյակի պատուհանից դուրս են գցել այն ժամանակ, երբ ինքը դուրս է շպրտել ծանոթների՝ իր սենյակում թողած իրերը: Մարտիրոսյանը ենթադրել է, որ ծանոթներն այդ իրերի միջոցով ցանկացել են իր դեմ ինչ-որ բան անել:

«Երկու-երեք րոպե անց հանկարծ սենյակիս դուռը կոտրեցին, սկսվեց կռիվը: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկեր, դանակ: Ես մեր միջև սեղան դրեցի, մոտեցա պատուհանին և սկսեցի օգնություն կանչել»,-ասել է նա:

Ցած ընկնելուց հետո Մարտիրոսյանը թաքնվել է ավտոկանգառում, որտեղ խնդրել է ոստիկանություն կանչել:

Հանրակացարանի հսկիչը պատմել է, որ հայազգի ուսանողը նախքան այս միջադեպը երբևէ ուշադրության կենտրոնում չի եղել ու աչքի չի ընկել անկարգապահությամբ: Այժմ դեպքի հետաքննությամբ զբաղվում են իրավապահները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, 18-ամյա ուսանողը, որը զբաղվում է ըմբշամարտով, սամբոյով և ձյուդոյով, հանրակացարանում ընկերացել է նույն սենյակում բնակվող ադրբեջանցի ուսանողի հետ, որը նրան այլ ադրբեջանցիների մասնակցությամբ պիկնիկի է հրավիրել:

Տղայի հայրը՝ Սերգոն, պատմել է, որ պիկնիկի ժամանակ որդին վատ է զգացել, գնացել է իր սենյակ: Շուտով նրա ինքնազգացողության մասին տեղեկանալու պատրվակով նրա սենյակ են մտել պիկնիկին նրա հետ եղած ուսանողները: Սկսել են սենյակում ինչ-որ պայուսակներ ու անձնագրեր տեղադրել: Արթուրը հասկացել է, որ իր դեմ թակարդ են լարում և ենթադրել, որ փորձում են իր մոտ թմրանյութ գցել: Նա ձևացրել է, թե իբր չի հասկանում դա:

Հենց որ տղայի նոր ծանոթները հեռացել են, նա կողպել է դուռը և սկսել պատուհանից դուրս նետել նրանց թողած իրերը: Երևում է՝ դա տեսնելով՝ երիտասարդները վերադարձել են, կոտրել դուռը և ծեծել նրան: Մարտիրոսյանին հաջողվել է մոտենալ բաց պատուհանին և օգնություն կանչել, և հենց այդ ժամանակ էլ նրան դուրս են նետել:

Ցած ընկնելուց հետո նա հրաշքով ողջ է մնացել: Տղան սողալով հասել է մոտակա ավտոկայանատեղին, որի պահակը ոստիկանութուն է ահազանգել:

Ուսանողը հիվանդանոց է տեղափոխվել, նրա մոտ կոնքոսկրերի կոտրվածքներ են ախտորոշվել:

Սերգո Մարտիրոսյանի խոսքով՝ չարագործներն իմանալով, որ իրենց ընտանիքն ունևոր է, այդ կերպ փորձել են գումար շորթել: