Գլխավոր Քաղաքական Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ...

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը մեզ չի կարող վախեցնել. Փաշինյան

1261
0

Ադրբեջանը փորձում է Արցախի հարցի կարգավորումը  դուրս բերել կառուցողական, բանակցային հունից: Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վախեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության  անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Բաբաջանյանը հիշեց, որ վաղն  ԱՄՆ-ում սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: «Չնայած վերջին շրջանի լավատեսական մթնոլորտին, որ գալիս էր առավելապես Ձեր կողմից, սահմանի երկայնքով կա լարվածություն,  2 զոհ ենք ունեցել։ Այս իմաստով  ուզում եմ լսել Ձեր պատկերացումները կարգավորման ուղղությամբ »,-հարցրեց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե վարչապետն ինչպես է գնահատում դիվանագիտական ջանքերը:

Փաշինյանը նշեց՝ չի հիշում, որ Արցախի հարցի կարգավորման համար լավատեսական տրամադրություն հաղորդելիս եղած լինի:

«Ընդհակառակը, ես միշտ ասել եմ, որ չպետք է մոռանալ, որ պատերազմն ավարտված չէ, և այն ցանկացած պահի կարող է բռնկվել, և ցանկացած պահի կարող է իրավիճակի լարում լինել: Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել նույն գործիքը, որը երկար ժամանակ կիրառել է, այսինքն՝ փորձ անել հարցի կարգավորումը  դուրս բերել կառուցողական, բանակցային հունից: Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ կիրառում է, և Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաև զինված ուժերի պատրաստակամության մակարդակը բարձրացնելով: Մեզ համար հստակ է դիրքորոշումը, որ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը պատերազմ չեն ուզում իհարկե, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վախեցնել: Սա շատ կարևոր արձանագրում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեց, որ հայկական կողմի և ադրբեջանական կողմի մեջ կար բանավեճ, թե ովքեր և ինչպես են խախտել հրադադարի ռեժիմը, և հայկական կողմն այդ կապակցությամբ ուներ նաև փաստեր: Փաշինյանի կարծիքով՝ այդ բանավեճը, քննարկումն իսկապես առաջ է բերում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի անհրաժեշտության հարց:

Անդրադառնալով դիվանագիտական ջանքերի մասին հարցադրմանը՝ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղի հարցն այնպիսի հարց է, որ պետք է դիտարկել լայն կոնտեքստում, առանձին դիտարկելը և փոքր մասշտաբով նայելը միշտ կբերի սխալ հետևությունների:  «ՀՀ-ն այս առումով բանակցային գործընթացում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբունքների շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ վերջին շրջանի մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով եղել են շատ արդյունավետ, և կոնկրետ արդյունքներ են բերել»,-ասաց վարչապետն ու ձեռնպահ մնաց այդ կոնկրետ արդյունքների մասին խոսելուց:

Նա շեշտեց՝ հայկական կողմի դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ լինել:

Նոր տեսանյութ.