Գլխավոր Քաղաքական «Մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է»․ Նիկոլայ Բաղդասարյանը՝ գաղտնի հրամանով աշխատավարձերը բարձրացնելու մասին

«Մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է»․ Նիկոլայ Բաղդասարյանը՝ գաղտնի հրամանով աշխատավարձերը բարձրացնելու մասին

1093
0

Տեսականորեն այն, ինչ ասում եք, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է։ 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել իշխող «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով վարչապետի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը բարձրացնելու մասին հարցին։

Պատգամավորը նշել է, որ տեղյակ չէ այդ փաստերից, ապա խորհուրդ է տվել դիմել այն հանձնաժողովին, որոնք այդ ոլորտի հետ կապ ունեն, քանի որ ինքը նաեւ աշխատանքային իրավունքի մասնագետ չէ:

Լրագրողի դիտարկմանը, թե ընդամենը ցանկանում է իմանալ՝ եթե մի բան օրենքով է կարգավորվում, օրենքով էլ չպե՞տք է փոփոխվի, «Իմ քայլ»-ական պատգամավորն պատասխանել է, որ տեղյակ չէ դրանից:

– Այսինքն՝ Դուք ասում եք, որ դա օրենքով է կարգավորվո՞ւմ,- հարց է ուղղել պատգամավորը:

– Այո: Դա օրենքով է կարգավորվում: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

– Իսկ Դուք ասում եք՝ վարչապետն իր հրամանով փոխել է օրենքը:

– Չի փոխել: Վարչապետը գաղտնի հանձնարարականով բարձրացրել է աշխատավարձերը: Հարցրել են՝ հնարավո՞ր է նման բան: Եթե օրենքով է, ապա հարցը պետք է ԱԺ մտնի, չէ՞:

– Ես տեղյակ չեմ: Ես տեղյակ չեմ՝ իրավական ակտը, որը կարգավորում է, օրենքով է, տեղյակ չեմ, որ վարչապետը հրամանով բարձրացրել է այդ գումարը, տեղյակ չեմ, որ նման իրավակարգավորում գոյություն ունի:

Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ այդ հարցը պետք է ուսումնասիրության արժանանա, տեսնեն՝ այդ տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, հետո հասկանան՝ այդ իրավական ակտերը գոյություն ունե՞ն, թե՞ չէ: Դիտարկմանը, որ այդ մասին «Հետք» պարբերականի հարցին ի պատասխան՝ ասվել էր վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բաղդասարյանը պատասխանել է․

«Բայց տեսականորեն այն, ինչ Դուք ասում եք, մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է»։ Ապա, երբ լրագրողը նշել է, որ վարչապետի աշխատակազմից կա պատասխան, պատգամավորը որոշել է, որ ինչ-որ բան լրագրողը լավ չի ընկալել:

«Դրա համար Դուք հարցը գրավոր ուղղեք ոչ թե պետաիրավական, այլ աշխատանքի եւ առողջապահության… այն հանձնաժողովին, որն իրավասու է այդ հարցին պատասխանել, մի հատ թող ուսումնասիրեն խնդիրը, եթե այն կա: Որովհետեւ, օրինակ, հնարավոր է, ենթադրում եմ, օրենքը լեգիտիմացնում է որոշակի տոկոսային հարաբերություն. ենթադրում եմ: Ու վարչապետն էլ այդ հղումի շրջանակում է գործել: Այսինքն՝ հաճախակի օրենքներով վերապահում են անում որեւէ պաշտոնատար անձի որոշակի գործողություն կատարել: Օրինակ, օրենքով ինչ-որ չափ են սահմանում, սակայն կառավարությունն ինչ-որ տոկոսով կարող է այդ չափը փոփոխել: Դժվար թե օրենքով ձեր ասածը կարգավորված լինի: Գուցե օրենքով ինչ-որ սանդղա՞կ է սահմանված, ու այդ սանդղակի համաձայն՝ վարչապետը բարձրացրե՞լ է աշխատավարձերը: Առանց ուսումնասիրելու՝ հնարավոր չէ Ձեր հարցի պատասխանը տալ»,- եզրափակել է Նիկոլայ Բաղդասարյանը:

Նոր տեսանյութ.