Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 24-ին, ժամը 23:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Հոգեբանական խորհրդակցության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
2-րդ հարկի մուտքի դռան մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով անհայտ պարունակությամբ զանգված:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները տոպրակը տեղափոխել են ավտոկայանատեղի (շենքից մոտ 50 մ հեռու):
Նախնական զննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը պայթունավտանգ չէ:
Ժամը 23:39-ից 00:25-ը փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն: