Գլխավոր Լուրեր Միջազգային Արգենտինայի նախագահական ընտրություններում գործող նախագահին հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Արգենտինայի նախագահական ընտրություններում գործող նախագահին հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

1090
0

Արգենտինայում ձայների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆերնանդեսը հավաքել է ձայների 47,79 տոկոսը, գործող նախագահ Մաուրիսիո Մակրին՝ 40,71 տոկոսը, գրում է BBC-ն:

Արգենտինական օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթանակ է տանում այն թեկնածուն, որը հավաքում է ձայների ոչ պակաս 45 տոկոսը, կամ 40 տոկոսը, սակայն երկրորդ տեղում գտնվող մրցակցից ձայների ավելի քան 10 տոկոս տարբերությամբ:

Արգենտինայի գործող նախագահ Մաուրիսիո Մակրին ավելի ուշ շնորհավորել է ընտրություններում իր մրցակից, ընդդիմադիր Ալբերտո Ֆերնանդեսին հաղթելու կապակցությամբ:

«Ես ցանկանում եմ շնորհավորել նորընտիր նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին»,- ասել է Մակրին՝ դիմելով քաղաքացիներին: Նա հավելել է, որ Ֆերնանդեսին երկուշաբթի հանդիպման հրավեր է ուղարկել:

Ֆերնանդեսն, իր հերթին, ընդունել է հրավերը:

«Ես կհանդիպեմ նրա հետ (Մակրիի հետ)»,- հայտնել է նորընտիր նախագահը:

Նշենք, որ բարձրագույն պետական պաշտոնին հավակնել է վեց թեկնածու: Հիմնական պայքարը ծավալվել է երկրի ներկայիս ղեկավար Մաուրիսիո Մակրիի և ընդդիմադիր առաջնորդ, նախկին վարչապետ Ալբերտո Ֆերնանդեսի միջև:

Նոր տեսանյութ.