Գլխավոր Տնտեսական Կառավարությունը տնտեսական ճիշտ քաղաքականություն է վարում. Փաշինյան

Կառավարությունը տնտեսական ճիշտ քաղաքականություն է վարում. Փաշինյան

778
0

Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Նախագիծն այսօր խորհրդարանականներին ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նախքան նախագծին անդրադառնալն ընդհանուր խոսեց Կառավարության վարած տնտեսական քաղաքականության մասին՝ նշելով, որ ինչպես 2019 թվականի բյուջեն էր արտահայտում Կառավարության վարած քաղաքականությունը, այնպես էլ 2020-ի բյուջեի նախագիծն է համահունչ իրենց քաղաքականությանը:

«Մենք բյուջեի հիմքում դրել ենք պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեական կայունությունը։ 2019 թվականի բյուջեի նախագծում 4,5 տոկոսանոց տնտեսական աճ էր նախտեսված, բայց, փաստացի, մենք ապահովեցինք 5.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ հաշվի առնելով նաև այն, որ 2019 թվականի առաջին 10 ամսվա տվյալներով՝ մենք ունենք 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ կարելի է ասել, որ Կառավարությունը տնտեսական ճիշտ քաղաքականություն է վարում։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային կազմակերպությունները, այդ թվում և Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը վերագնահատել են Հայաստանի վերաբերյալ իրենց կանխատեսումները.

«Իրենք նախկինում արված կանխատեսումները փոխել են պլյուսով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով տնտեսության ճյուղերում արձանագրած ցուցանիշների մասին՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց արդյունաբերական արտադրանքի ծավալի՝ 9.7 տոկոս աճը, շինարարության ոլորտում՝ 4.4 տոկոսանոց աճը, առևտրի շրջանառության ոլորտում՝ 8.8 տոկոսանոց աճը, ծառայությունների՝ 15.5 տոկոսանոց աճը։

«Ունենք նաև միջին ամսական աշխատավարձի աճ՝ 5,9 տոկոս, որից 7.6 տոկոսը՝ պետական, 4.1 տոկոսը՝ ոչ պետական հատվածում։ Այս ամսվա 10 ամիսների համար մենք ունենք արտահանման աճ՝ 7.9 տոկոսով, ընդ որում, երբ տարվա սկզբին այս ոլորտում ունեիքն մինչև 3 տոկոսանոց կրճատում»,- արձանագրած ցուցանիշների վիճակագրությունը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ առանձնացնելով նաև 1.6 տոկոսանոց գնաճի ցուցանիշը։