ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդունելի է լրատվամիջոցներին յուրայինների և թշնամիների բաժանելը:
Թվում էր, թե պիտի որ անցած լինեին ժամանակները, երբ երկրի նախագահները, օրինակ, հարցազրույցի էին հրավիրում իրենց քիմքին հաճո լրատվամիջոցների և իրենք իրենց համար ապահովում ջերմոցային պայմաններ, որպեսզի հանկարծ «ստանդարտից» դուրս մի լրագրող լրատվական իդիլիան չխախտի ու գծագրված սցենարից դուրս հարցեր չտա։
Բայց, պարզվեց, դա մեզ միայն թվում էր:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը երեկ հոկտմեբերի 27-ի թեմայով քննարկմանը ուղղակի թույլ չտվեց ներկա լինել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների և անընդունելի լեքսիկոնով նրանց հրավիրեցին դուրս: Փաստորեն, հիմա էլ լրատվական դաշտի սևեր ու սպիտակներ կան, հեղափոխականներ ու հակահեղափոխականներ, և սա անկախ մամուլի ոչնչաչման ամենակարճ ճանապարհն է:
Եթե դու որոշել ես զբաղվել քաղաքականությամբ, կամ քաղաքացիական ակտիվիստ ես, ապա պատրաստ պիտի լինես պատասխանելու ցանկացած լրատվամիջոցի` նույնիսկ ամենածանր և երբեմն` այո, պրովոկացիոն հարցերին: Լրատվամիոցների «սելեկցիա» անելով մենք մեր մամուլը, որը անկախության մեր կարևորագույն ձեռքբերումներից էր, կարող ենք կամաց-կամաց մոտեցնել մեր տոտոլիտար հարևանի պատերին:
Դա չպիտի թույլ տալ:
Ու ես որպես նախկին լրագրող և որպես Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ երեկվա տգեղ և վտանգավոր միջադեպը:
https://www.facebook.com/n.zohrabyan/posts/564292534391142