Գլխավոր Լուրեր Փաշինյանն ադրբեջանցի բլոգերին բացատրել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության իմաստը

Փաշինյանն ադրբեջանցի բլոգերին բացատրել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության իմաստը

1246
0

Նովոստի–Արմենիա-ն գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ պատասխանել է Վարդենիսում ծնված ադրբեջանցի բլոգեր Բախտիյարի հարցին, որը վերաբերում է Փաշինյանի` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։

Վարչապետին հարց է տրվել այն մասին, թե ինչպես է նրա հայտարարությունը հարաբերակցվում բանակցային խաղաղ գործընթացի հետ` հաշվի առնելով այն, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված մասն է»։

«Դուք ասացիք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս է։ Դա ճիշտ չէ, որովհետև գոյություն ունի բանակցությունների միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որ կոչվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, և այդ ձևաչափի մանդատն է որոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Եվ ձեր կառավարությունը, ձեր երկիրը ներգրավված է բանակցային գործընթացում։ Այսպիսով, եթե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս է, ինչո՞ւ եք դուք բանակցում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար։ Դա տարօրինակ չէ՞», – հարցադրում է կատարել Փաշինյանը։

Անդրադառնալով իր հայտարարությանը` Հայաստանի վարչապետը հիշեցրել է իր մեկ այլ հայտարարությունն այն մասին, որ խաղաղությունը հնարավոր կլինի, երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարի այն, ինչ ինքն է հայտարարել, այն է՝ ԼՂ հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
«Մեկ տարի ես սպասում էի՝ նման մի բան լսել Ադրբեջանի կառավարությունից։ Եվ ես անձամբ խնդրեցի նախագահ Ալիևին հանդես գալ նմանատիպ հայտարարությամբ, մի փոքր ճեղքել բանակցային գործընթացը։ Բայց, ցավալիորեն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ Զանգեզուրն Ադրբեջանի մաս է, Երևանը՝ անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է, Սևանն ադրբեջանական լիճ է», – նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է փորձել գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Սյունիքը, Երևանը։

«Ինչո՞ւ ենք մենք նմանատիպ կոչով հանդես գալիս»,- հարցադրում է արել Փաշինյանը և պատասխանել. «Որովհետև չենք ուզում վախեցող ազգի տպավորություն թողնել։ Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով։ Մեր ուզածը խաղաղություն է, և մենք կարող ենք պատրաստել մեր ազգին, Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, Ադրբեջանի բնակիչներին այդ խաղաղությանը։ Եվ մենք մեր խաղաղության առաջարկն ենք անում Ադրբեջանին, և ես անձամբ պատրաստ եմ երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության, այլև Ադրբեջանի բնակիչների հետ, որովհետև կարծում եմ՝ մենք քննարկելու շատ բան ունենք»,– ընդգծել է վարչապետ Փաշինյանը։

Բացի այդ, Բախտիյարը հարցրել է ադրբեջանցի փախստականների մասին, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեցրել է, որ Սումգայիթում սկսվեցին հայերի ջարդերը, որոնք շարունակվեցին Բաքվում։

«Հայերը հեռանում էին Ադրբեջանից, նրանք փախնում էին երբեմն անգամ առանց հագուստ։ Իսկի՞նչ եղավ ադրբեջանցիների հետ Հայաստանում։ Կառավարության որոշմամբ, ադրբեջանցիներին տրամադրվեցին ավտոբուսներ` ոստիկանների ուղեկցությամբ, և ոչ մի մարդ չտուժեց»,– ասել է վարչապետ Փաշինյանը։