Գլխավոր Լուրեր Եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ հետ...

Եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ հետ գամ. Գևորգ Կոստանյան. 168.am

639
0

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ, ՌԴ-ում գտնվող Գևորգ Կոստանյանը Հայաստան կգա, երբ ավարտվի դասընթացը…

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ, ՌԴ-ում գտնվող Գևորգ Կոստանյանը Հայաստան կգա, երբ ավարտվի դասընթացը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Գևորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան ՀՔԾ–ն նրան առաջարկել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

«Ես և՛ իրենց հետ պայմանավորվածությամբ, և՛ բազմիցս էլ հրապարակային ասել եմ, որ անպայման վերադառնալու եմ ու նաև ասել եմ այս պահին չվերադառնալուս պատճառը: Ասել եմ, որ դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ»,- ասել է Գևորգ Կոստանյանը:

Վերջինս, սակայն, չգիտի, թե ինչով է պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը, եթե ինքը նրանց ասել է, որ դասընթացն ավարտվելուն պես անպայման գալու է:

«Այլ դետալների ծանոթ չեմ, ձեզնից իմացա, որ նման բան կա: Երբ որ ավելի մանրամասն ծանոթանամ, նոր այդ մասին կխոսենք: Բայց արհեստականությունը, կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ»,- նշեց նախկին գլխավոր դատախազը:

Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ, արդեն այս իրողության համատեքստում ինքն ինչ որոշում ունի՝ գալո՞ւ է Հայաստան, Գևորգ Կոստանյանը պատասխանել է, որ միանշանակ, գալու է:

«Իմ ամբողջ խնդիրն այն է, որ ես գիտեմ, որ եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ ես հետ գամ, այդ պատճառով էլ կգամ այն ժամանակ, երբ կավարտեմ ընթացիկ դասընթացը: Այո, ես պատկերացնում եմ, որ առնվազն հիմա իմ գալու դեպքում իմ՝ երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվելու է, հետևաբար դրա համար եմ ուզում կատարել պարտավորություններս ու հետո նոր վերադառնալ»,-եզրափակել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: